Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Բեռնատարների համար Լարսը փակվել էր մարտի 21–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց է ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– նշեց Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վերին Լարս» անցակետով ճանապարհը երկողմանի փակվել է բեռնատարների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարի: