ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Յութուբով» ուղիղ եթերում հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել` հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նրանց ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ոստիկանության դիմակավորված ծառայողները բիրտ ուժ կիրառելով՝ ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին։ Այնուհետև, մի քանի ժամ անց, գնացել են նաև Վազգեն Սաղաթելյանի (նա ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրն է – խմբ.) տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձեռնաշղթաներ հագցրել ու ձերբակալել։