ՀՀ–ում ձերբակալված բելառուսցի տղամարդուն չեն արտահանձնի. ԶԼՄ

Ալեն Սիմոնյանն ու Սվետլանա Տիխոնովսկայան
Բելառուսական պարբերականը գրում է, որ Ալեն Սիմոնյանը խոստացել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայային ապաստան տրամադրել ձերբակալված տղամարդուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ և խոստացել է նրան, որ հետախուզման մեջ գտնվող Յարոսլավ Նովիկովը չի հանձնվի Բելառուսին։ Այս մասին հայտնում է բելառուսական Pozirk–ը։
Նշվում է, որ ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում:
«Հայաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ապաստան կտրամադրեն Նովիկովին, որին հայ իրավապահները ձերբակալել են բելառուսցի գործընկերների խնդրանքով»,– նշվում է կայքում։
Ըստ լրատվամիջոցի` Տիխոնովսկայան հայկական կողմին նաև շնորհակալություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Բելառուսի իշխանությունների պահանջով ձերբակալվել է 4 տղամարդ: Նրանք մեղադրվում են զորակոչից խուսափելու մեջ։ Ձերբակալվածներից մեկի անունը Յարոսլավ Նովիկով է։