ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները պայմանագիր են կնքել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի համար ջրագծի կառուցման վերաբերյալ, սակայն ֆինանսական միջոցներ դեռ չեն գտնվել:
2021-2022թթ.-ին ադրբեջանական զինուժի ներխուժումների հետևանքով Ներքին Հանդը զրկվել է խմելու ջրի աղբյուրից, գյուղատնտեսական տարածքներից և նույնիսկ գերեզմանատնից:
2023 թվականի օգոստոսին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ գյուղը խմելու ջրով ապահովելու համար Ներքին Հանդ տանող ջրագիծ կանցկացնեն միայն 2024 թվականին։
Մեր ներկայիս հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնեցին, որ Սյունիքի մարզպետարանը Ներքին Հանդի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով մոտ 198 մլն դրամի պայմանագիր է կնքել ընկերություններից մեկի հետ: Պայմանագրի համաձայն` աշխատանքը պետք է տևի 540 օր՝ ծրագրի մեկնարկի օրվանից սկսած:
Ընդ որում, պայմանագիրը կնքվել է «գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն: Ըստ այդ կետի՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը սույն օրենքով սահմանված կարգով կարող է կնքվել պայմանագիր՝ պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում։
«Ներկայում քննարկվում են ֆինանսական միջոցներ հատկացնելու հնարավորությունները»,-նշվում է նախարարության պատասխանում։
Նշենք, որ հիմա գյուղի բնակիչների տները գետի «տեխնիկական» ջուր են ստանում։ Խմելու ջուրը նրանք հավաքում են տարաներով՝ գյուղի և նրա շրջակայքի երկու փոքր աղբյուրներից։
Վերջին օրերին տեղացած անձրևների պատճառով գրեթե անհնար է օգտագործել նաև տեխնիկական ջուրը՝ այն պղտորվել է:
Հիշեցնենք` ավելի վաղ Sputnik Արմենիային ՊՆ-ից հայտնել էին, որ ադրբեջանական ԶՈւ-ն գյուղի շրջանում առաջին անգամ առաջ է եկել 2021 թվականի մարտին։ 2022թ. սեպտեմբերյան հարձակման ժամանակ ադրբեջանցիները վերահսկողության տակ են վերցրել գյուղի խմելու ջրի աղբյուրը և գերեզմանոցը: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն այդ շրջանում վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի շուրջ 20 քառ. կմ տարածք։
Երեք կողմից Ադրբեջանի զինված ուժերով շրջափակված Ներքին Հանդը մնացել է գրեթե առանց գյուղատնտեսական նշանակության հողերի, ինչի հետ կապված գյուղացիների մեծ մասը վաճառել է անասունները ՝ մնալով առանց եկամտի հիմնական աղբյուրի։