ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով ընդունել է ԱՄՆ-ի բանաձևը, որը կոչ է անում մշակել մի շարք միջազգային սկզբունքներ՝ արհեստական բանականությունից բխող ռիսկերը վերացնելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ բանաձևի համահեղինակ են դարձել 123 երկրներ։
«Այսօր ՄԱԿ-ի բոլոր 193 անդամները միաձայն որոշել են կառավարել արհեստական բանականությունը, այլ ոչ թե թույլ տալ, որ այն կառավարի մեզ։ Բանաձևը գլոբալ կոնսենսուս է արհեստական բանականության անվտանգ, վստահելի համակարգի օգտին»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Դիվանագետը հայտնել է, որ այս բանաձևը տեսակի մեջ առաջինն է, որ ընդունվել է կոնսենսուսով:
Բանաձևն ընդգծում է, որ ոչ ոք չպետք է օգտագործի արհեստական ինտելեկտը խաղաղությունը խաթարելու կամ մարդու իրավունքները ճնշելու նպատակով։ Այն կոչ է անում տարբեր կազմակերպությունների լուծել արհեստական բանականության համակարգերից բխող խնդիրները: