ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Պարզվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության ժամանակ մահակ գործադրած անձի ինքնությունը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 12-ին 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ վազել են տուժողի ուղղությամբ: Նրանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, մյուսի ձեռքին՝ դանակ։ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա ընկել է, բայց տղաները շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի, 17-ամյա տղան մահացել է։
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ սպանության մեջ կասկածվող 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Սիսիանում և ձերբակալվել։ Հաջորդ օրը ՆԳՆ–ն հայտնեց, որ Սիսիանում հայտնաբերվել են նաև ծեծկռտուքին մասնակցած 2 երիտասարդներ։ ՔԿ–ից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ նրանցից մեկն ավելի ուշ ազատ է արձակվել. պարզվել է, որ նա դեպքի հետ առնչություն չունի։
Իրավապահները պարզել են, որ Սիսիանում հայտնաբերված երիտասարդը և մահակ գործադրած մյուս տղան 21-ամյա երիտասարդի ընկերներն են։ Իրականացված վարութային գործողություններով անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Քննությամբ նաև նոր հանգամանքներ են ի հայտ եկել. մասնավորապես տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև նախկինում տեղի է ունեցել նաև այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ: Դեպքին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած այս և այլ միջադեպերի առնչությամբ ձեռնարկվում են քննչական, ապացուցողական և վարութային անհրաժեշտ միջոցառումներ:
Նախաքննության ընթացքում 21-ամյա մեղադրյալի բնակության վայրում կատարվել է խուզարկություն, հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը և փայտյա մահակը՝ չորացած արնանման հետքերով, ինչպես նաև չորացած արնանման հետքերով հագուստներ։
Կատարվել են միջադեպի այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ՝ առերես հարցաքննություններ, տեսագրության զննություններ, խուզարկությամբ հայտնաբերվածի վերաբերյալ նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվել են միջադեպի այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ՝ առերես հարցաքննություններ, տեսագրության զննություններ, խուզարկությամբ հայտնաբերվածի վերաբերյալ նշանակվել են փորձաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ վերջինիս վերոհիշյալ ընկերոջը՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս ընկերոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: