Հայաստանն ու Իտալիան ստորագրել են ռազմական համագործակցության տարեկան ծրագիր

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանն ու Իտալիան ստորագրել են ռազմական համագործակցության տարեկան ծրագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է Հռոմում մարտի 19-20-ը տեղի ունեցած Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցությունների ավարտին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
«Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները»,– ասված է հաղորդագրությունում։
Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և զինված ուժերում ընթացող բարեփոխումները։
Ձեռք են բերվել նաև մի շարք պայմանավորվածություններ։
Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ