ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Ինչպե՞ս կարող է վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել՝ ում են պատկանում Տավուշի վիճելի գյուղերը սահմանազատման քարտեզների բացակայության պայմաններում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ առաջին քայլը պետք է լինի սահմանազատումը, որը ենթադրում է քարտեզների հետ աշխատանք։
«Եթե սահմանագծում և սահմանազատում տեղի չի ունեցել, եթե սահմանները քո հարևանների հետ չեն ճշգրտվել, որի առաջին կետը սահմանազատումն է՝ քարտեզի վրա աշխատել, իսկ քարտեզ չկա...»,- ասաց Օհանյանը։
Նա նաև կարծիք հայտնեց, որ սահմանազատման ընթացակարգի անտեսումը սահմանադրական նորմերի խախտում է և դավաճանություն հայ ժողովրդի նկատմամբ։ Յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ զինծառայողները, իրավունք ունեն հրաժարվել այդ հանցավոր գործընթացից։
«Սահմանագծում և սահմանազատում գործընթացը հատվածական իրականացնելը նշանակում է այդ հատվածի վրա պարտադրանք գոյություն ունի, նշանակում է, որ այդ գործընթացից հետո մենք չենք կարող վստահ լինել, որ ադրբեջանական ստորաբաժանումները այլ հատվածներից հետ են քաշվելու»,- ասաց նա։
Պաշտպանության նախկին նախարարը նաև վստահ է, որ հայ ժողովուրդն իր ռազմաքաղաքական ունակություններով ի վիճակի է պաշտպանությունը, անվտանգությունը կազմակերպելու համար։ Անհրաժեշտ է համախմբել ամբողջ ազգային ներուժը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն արդեն երկու տարուց ավելի օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, սակայն քննարկումները կենտրոնանում են Տավուշի մարզի գոտու վրա:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։