ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին ու տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցեր են քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուն Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է ՀՀ վարչապետի ամուլի ծառայությունը։
«Կողմերը կարևորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել մարտի 20–ին` մասնակցելու մարտի 21–ին կայնալիք Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին:
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ սա լինելու է ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովը համախմբելու է աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ ընդգծելու ատոմային էներգետիկայի դերը գլոբալ խնդիրները լուծելու հարցում։ Գագաթնաժողովը համանախագահելու են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն։
Հավելենք, որ Բրյուսելում նաև նախատեսված են Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: