ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Այս պահին չկա մի ֆուտբոլիստ, որ կկարողանա ուժեղացնել Հայաստանի ազգային հավաքականը։ Այս մասին այսօր Հայաստան – Կոսովո հանդիպման նախաղաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Այդ ֆուտբոլիստը պետք է ունենա այնպիսի որակներ, ինչպիսիք ունեն աշխարհի լավագույն թիմերի խաղացողները, կարծում եմ՝ կարիք չկա այդ որակները թվարկելու։ Եթե արժանի ինչ-որ մեկը լինի, ես կկանչեմ, եթե ոչ, ապա չեմ կանչի նրան պարզապես փորձարկելու համար։ Ազգային հավաքականը այն հարթակը չէ, որտեղ պետք է փորձարկել ֆուտբոլիստներին»,– ասաց Պետրակովը։
Ինչ վերաբերվում է վաղվա ընկերական հանդիպմանը Կոսովոյի հավաքականի հետ, ապա գլխավոր մարզիչը ասաց, որ բարդ հանդիպում է սպասվում։
«Կոսովոյի հավաքականը հանձնվող չի, ինձ դուր է գալիս, մասնավորապես, պաշտպանական գիծը. բարձրահասակ են, գլխով լավ են խաղում: Որպես նախկին բալկանյան երկիր՝ թույլ թիմ չի, թույլ ֆուտբոլիստներ չեն: Մեկնարկային սուլիչից հետո առաջիկա տասը վայրկյանում կհասկանամ, թե ինչպես է պատրաստվել խաղին Կոսովոյի հավաքականը: Կոսովոն շատ լավ հավաքական է, ամուր թիմ է, ունեն առաջատար խաղացողներ, այնպես որ բարդ խաղ է լինելու»,– ասաց նա։
Անդրադառնալով Տիգրան Բարսեղյանին և Խորեն Բայրամյանին հավաքական հրավիրելու հարցին Պետրակովն ասաց, որ պետք է դեռ սպասել։
«Դիմացեք մինչև նոյեմբեր, երբ կավարտվի պայմանագիրս, ու կլինի նրանց հաղթական վերադարձը, դիմացեք մի քիչ էլ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստան–Կոսովո հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սկիզբը՝ ժամը 20:00-ին։