Չենք կարողանում աշխատել. քիմիկոսները բողոքում են կենտրոնի մոտ ընթացող շինարարությունից

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան
Ինստիտուտի հարակից տարածքում արդեն սկսվել են հորատման աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել, քանի որ իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ (միավորվում է 3 կառույց` Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) կառուցվող բնակելի շենքի շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։
«Հորատման աշխատանքներն արդեն սկսվել են, ցնցումներ են լինում, աղմուկ ու փոշի, այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում մեր գիտական գործունեությունը ծավալել։ Անհամատեղելի է այդ ամենը»,– նշեց ինստիտուտի աշխատակիցներից մեկը։
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան

Շեշտեց, որ բազմիցս դիմել են կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, որպեսզի այդ շենքը կառուցելու համար այլ տարածք տրամադրեն կառուցապատողին։ Քիմիկոսներն ու ինստիտուտի մյուս աշխատակիցները նաև առաջարկում են, որպեսզի շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվեն ու վերսկսվեն այն ժամանակ, երբ իրենց կտեղափոխեն Ակադեմիական քաղաք։
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան
Նա ընդգծեց, որ այսօր էլ եկել են կառավարության մոտ, ուզում են` որևէ մեկն իրենց լսի և իրենց պատասխան տա, թե ինչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում։ Չէ որ իրենց ինստիտուտում բազմաթիվ թանկարժեք սարքեր կան, որոնք նման պայմաններում չեն կարող լիարժեք աշխատել։
Բողոքի ակցիայի մեկնարկից որոշ ժամանակ անց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի 2 քիմիկոս ու կենտրոնի փաստաբան Տիգրան Նաղդալյանը մտան կառավարության շենք։
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում նոր դեղամիջոցներ են արտադրվում, դրանք Ուկրաինա և Բելառուս են արտահանվում։ Այնտեղի սարքերի միջոցով նաև գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում տարածաշրջանի համար։
Ի՞նչ կապ ունեն քիմիկոսները, ուրարտական ժամանակների ջրանցքը և ապօրինաբար օտարված ջրավազանը