Արարատ Միրզոյանն Ուրուգվայ է մեկնում

ՀՀ ԱԳ նախարարն Ուրուգվայում մասնակցելու է ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Մարտի 21-22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ–ում 2023 թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկման 2022–ի նոյեմբերի 3–ին Արարատ Միրզոյանն ասել էր, որ 2023 թվականին Հայաստանը մի շարք դեսպանատներ, հյուպատոսություններ ու դիվանագիտական գրասենյակներ կբացի տարբեր երկրներում: Այդ երկրների մեջ նա առաջինը նշել էր Ուրուգվայի անունը։ Նա վստահեցրել էր, որ այս դեսպանությունը հնարավորություն կտա առանձին հարաբերություններ հաստատել նաև լատինաամերիկյան երկրների հետ։