ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը տալով՝ ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք։ Այս մասին Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նշենք, որ «Միասին» շարժման անդամները Տիգրանաշենում են։
«Իհարկե, կարելի է գյուղամիջյան ճանապարհներով դուրս գալ, բայց վտանգի տակ է հայտնվում Պարույր Սևակ գյուղը, և այստեղից սկսվում է արդեն Վայոց Ձորի մարզը՝ Չիվա և Ելփին գյուղերը վարի են գնում։ Այս գյուղն անցնելով՝ 4 գյուղ է ընդհանուր, Բարխուդարն էլ ենք հանձնում, անպայման պետք է դատարկվի Այգեհովիտը, Վազաշենը, այնուհետև Պառավաքարը։ Մարդիկ կթողնեն, դուրս կգան, Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը ևս կդատարկվեն։ Այնտեղ էլ զրկվում ենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան»,-ասաց Բագրատյանը։
Նա ընդգծեց, որ Տիգրանաշենը ռազմավարական կետ է, և չկա որևէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբևիցե եղել է Ադրբեջանի կազմում:
«Պայմանականորեն եթե անկլավ կա, դրանից այն կողմ մինչև Նախիջևան 12 կմ է, ինքը (Նիկոլ Փաշինյանը,–խմբ.)դա էլ է տալիս: Այս գյուղից հետո Հայաստանի տարածքն է, այսինքն` պետք է լինի Ադրբեջանի սահմանապահ, հետո Հայաստանի սահմանապահ, էլի Հայաստանի սահմանապահ, հետո Ադրբեջանի սահմանապահ: Իր արածները բացարձակ աբսուրդ է»,–ասաց Բագրատյանը:
Անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին, ՀՀ նախկին վարչապետն ընդգծեց, որ սահմանազատումը նախ սկսվում է նրանից, որ կողմերը պայմանավորվում են, թե ինչպես պետք է դա իրականացնեն, ինչ քարտեզներով։
«Դա չորոշած` մենք այս ամեն ինչը կտանք, խաղաղության պայմանագիրն էլ կլինի, բայց արդյուքնում ոչ մի տեղ գրված չի լինի, թե որտեղ է սկսվում ու վերջանում Հայաստանը: Ադրբեջանը և՛ 2025-ին, և՛ 2026-ին, և՛ 2027–ին անընդհատ մի նոր բան է ուզելու»,–ասաց քաղաքական գործիչը:
Բագրատյանը նաև հայտարարեց, որ «Խաղաղության խաչմերուկի» իմաստն այն է, որ երեք անվերահսկելի ճանապարհ Հայաստանը Սյունիքով տա Ադրբեջանին դեպի Նախիջևան:
Բագրատյանը հիշեցրեց, որ երբ ինքը հայտարարել է, որ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Տիգրանաշենը և մյուս գյուղերը Ադրբեջանինը չեն, կառավարության աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Ըմբռնելի է Հայաստանի այն մոտեցումը, ըստ որի` ճիշտ կլիներ փաստաթղթեր տային, որ այդ բնակավայրերն իրենցն է»:
Դրան հետևել է Ադրբեջանի արձագանքը, որ Փաշինյանը 2018-ին խոսք է տվել:
«Ալիևն ասում է՝ ինձ քարտեզ-մարտեզ չի հետաքրքրում, հող հանձնելու խոստում ես տվել, տո՛ւր: Հիշո՞ւմ եք, որ Պուտինը հայտարարեց, որ 1926 թվականի քարտեզով պետք է անենք սահմանազատումը, որովհետև էդ ժամանակ ոչ մի անկլավ չկար: Դրան պատասխանեց Արման Եղոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,–խմբ.), որ չէ, 1970-ականների քարտեզով ենք անելու: Ադրբեջանն էլ ասաց՝ Պուտինն էլ թող ձենը կտրի, Արման Եղոյանն էլ. ոչ մի քարտեզով էլ չենք անելու»,-ասաց Բագրատյանը:
Անդրադառնալով «անկլավների» խնդրին` Բագրատյանը նշեց, որ 1980-ականներին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Անտոն Քոչինյանը, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը բարձրացրել են այդ հարցը , ասում են՝ էդ որ քարտեզների վրա անկլավները գծում եք, ե՞րբ ենք մենք դա տվել Ադրբեջանին, և սկսվում են քննարկումներ:
«Երկու կողմին հրավիրում են Մոսկվա` ՊԱԿ-ի ղեկավար Կրյուչկովի մոտ: 193 հատ արձանագրություն է կազմվում: Ըստ դրանց` կա մեկ անկլավ Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը, իսկ Հայաստանի տարածքում ոչ մի բան չկա: Այդ արձանագրությունները ստորագրել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»,–ասաց նա։
Բագրատյանը հավելեց, որ այդ ամենի կանխելու համար մարտի 27-ին կես միլիոն մարդ պետք է հավաքվի Ազատության հրապարակում և իշխանափոխություն անի։
«Միասին» շարժման ղեկավարներից Արամ Սարգսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության որևէ տարածք Ադրբեջանին հանձնելը հանցագործություն է և ՔՊ-ականները դատարանի առջև են կանգնելու։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։