ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ստիպված է խոստովանել, որ պետական կապիտալով «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է։
Ազգային ավիացիայի մասին հարցը նրան ուղղել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը` նշելով, որ բազմաթիվ երկրներ, որոնք ելք չունեն դեպի ծով, նաև երկար տարիներ շրջափակված են եղել, ձգտում են ունենալ ազգային ավիացիա։
«Ֆլայ Արնայի» կապիտալի մեջ պետությունը ներդրել էր 4.8 մլրդ դրամ։ Հիմա այն դադարեցրել է թռիչքները, օդանավերն էլ հանել է գրանցումից։ Այդ մասով ի՞նչ ենք անելու»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Փաշինյանը նշեց, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի համավարակի շրջանն էր, և այն ավիաընկերությունները, որոնք ՀՀ–ն կապում էին արտաքին աշխարհի հետ, բյուջետային էին, որոնք համավարակի պատճառով դադարեցրին իրենց թռիչքները, օրինակ` «ՌայնԷյրը»։
Ըստ նրա` այդ ընթացքում հայաստանյան շուկա նոր ընկերություններ ներգրավվեցին, ու «Ֆլայ Արնան», ըստ էության, մրցակցությանը չդիմացավ։
Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49%-ն էլ` արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը մարտի 19-ին հայտարարեց, որ «Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է։