Քարտեզների վերաբերյալ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը աշխատանքային հատուկ տեղեկատվությամբ նրանց հետ չի կիսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Քարտեզների վերաբերյալ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցի` այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հազիվ թե բնակչությանը վախեցնելը լավագույն միջոցն է»․ Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին
Գեղամ Մանուկյանին հետաքրքրում էր` Խորհրդային Միության հատկապես ո՞ր քարտեզով են նախատեսվում սահմանազատումն ու սահմանագծումը։

«Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Ի՞նչ է նշանակում` այդ հռչակագրի հիման վրա իրականացնել սահմանազատում, դա ոչ թե նշանակում է նոր սահման ստեղծել, այլ Խորհրդային Միության վերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»,– նախկինում իր արած հայտարարությունները կրկին հիշեցրեց Փաշինյանը։

Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց նաև Ոսկեպար և Կիրանց Փաշինյանի կատարած այցի ժամանակ նրա կողմից պարբերաբար հնչեցրած Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության մասին։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը աշխատանքային հատուկ տեղեկատվությամբ նրանց հետ չի կիսվել, այլ ասել է Ադրբեջանի իշխանությունների` հրապարակային արված հայտարարությունները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։