Փաշինյանը Կիրանցից Բաղանիս է գնացել ու զարմացել` ռեստորան և հյուրատուն չկա

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` բաներ կան, որ 100 անգամ անցնում ես ու չես նկատում, իսկ 101-րդի դեպքում նկատում ես։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացել է, որ Տավուշի մարզի Կիրանց–Բաղանիս միջպետական ճանապարհին չկա որևէ խանութ, ռեստորան, սրճարան կամ հյուրատուն։ Նա իր զարմանքն արտահայտեց ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանի` Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման մասին հարցին։
«Հանդիպումները շատ կարևոր էին, և կարծում եմ, որ այն մտահոգությունները, որոնք ունեն Ոսկեպարի, Կիրանցի ու հարակից գյուղերի բնակիչները, լեգիտիմ են։ Բայց իմ ասածն ուրիշ է, պետք է այդ պրոբլեմը լուծենք։ Ես ինքս էլ այդ ճանապարհով բազմիցս անցել եմ` Կիրանցից Ոսկեպար, Բաղանիս։ Բաներ կան, որ 100 անգամ անցնում ես ու չես նկատում, իսկ 101-րդի դեպքում նկատում ես։ Այդպես եղավ վերջին այցի ժամանակ։ Կիրանցից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհ է, բայց ոչ մի խանութ, ռեստորան, սրճարան կամ հյուրատուն չկա»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` ինքն այդ ամենին ուշադրություն է դարձրել, քանի որ ընդդիմությունը նրան մեղադրում է այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու մտադրության մեջ։ Իրականում, ըստ Փաշինյանի, այնտեղ ամեն ինչ այնքան էլ բարեհաջող չէ, և ակնհայտ ապացույցը ռեստորանների և սրճարանների բացակայությունն է։
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
ՀՀ ո՞ր գյուղերի կենսական տարածքներն է այս կամ այն ​​կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ–ն
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Նա ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։