«Ժողովրդին չենք վախեցնում, ասում ենք ճշմարտությունը». Փաշինյանը` Տավուշի մասին

Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
ՀՀ այն քարտեզը, որը Փաշինյանը պարբերաբար ցույց է տալիս մանրակերտի վրա, նրա խոսքով, շատ մոտավոր, ուրվագիծը պատկերող քարտեզ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Քարտեզների թեման շատ բարդ է, քանի որ մի թվականի քարտեզ գոյություն չունի, որ կպատկերի ՀՀ սահմանագծի ամբողջ երկայնքը։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի և Սեյրան Օհանյանի` սահմանազատմանը վերաբերող հարցերին։
«Կա քարտեզի երկայնք, որով ՀՀ–ն և Ադրբեջանը սահմանների տարբեր կտորները համաձայնեցրել են տարբեր թվականներին։ Չկա մի թավականի քարտեզ, որն ամբողջական կպատկերի ՀՀ սահմանագծի ամբողջ երկայնքը դե յուրե նշանակություն ունեցող»,– նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` Ալմա Աթայի հռչակագիրը Խորհրդային Միության իրավական նշանակություն ունեցող ամենավերջին «քարտեզն» է։
«Ճշտենք` ի՞նչ է նշանակում քարտեզ։ Դա մի թուղթ է, որը դահլիճում ներկա գտնվողների առնվազն մի մասն առանց լրացուցիչ մասնագիտական օգնության չի կարող հասկանալ` ինչ է այնտեղ պատկերված։ Օրինակ` 1975 թվականին կարող է 300 տարբեր քարտեզ գոյություն ունենալ։ Մեր չհասկացվածությունը դրանից է գալիս»,– ասաց նա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ այն քարտեզը, որը նա պարբերաբար ցույց է տալիս մանրակերտի վրա, դա շատ մոտավոր, ուրվագիծը պատկերող քարտեզ է։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր կողմից նկատեց, որ միակողմանի զիջման, սահմանազատման դեպքում Ադրբեջանը նոր բաներ է հնարելու և ՀՀ այն հատվածներում, որտեղ նա առաջ է եկել, իր դիրքերից հետ չի գնալու։
«Պետք չէ Ադրբեջանի այս խաբկանքի մեջ մտնել։ Երբ չկա համաձայնություն 2 պետությունների միջև, ինչո՞ւ ենք մենք միակողմանի իրականացնում սահմանազատում, և դա այն պարագայում, երբ Ադրբեջանը գտնվում է մեր տարածքում, համոզվա՞ծ եք, որ Ադրբեջանը այդ հատվածներից հետ է գնալու»,– հետաքրքրվեց Օհանյանը։
Փաշինյանը պատասխանեց` վերարտադրելով հարցը` արդյոք մենք վստա՞հ ենք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, այդ հարցին պատասխանելու համար նախ և առաջ պետք է ֆիքսել` ո՞րն է մեր տարածքը։
«Մեր տարածքը ֆիքսելն առաջին կարևոր, պարտադիր նախապայմանն ու քայլն է, որով մենք պետք է ձևակերպենք մեր տարածքներից դուրս գալու պահանջը դե յուրե, դե ֆակտո և քաղաքական»,– հայտարարեց նա։
Արձագանքելով ընդդիմության ակնարկներին, թե ինքը ժողովրդին վախեցնում է պատերազմով, որպեսզի միակողմանի զիջումների գնա` Փաշինյանն ասաց. «Ժողովրդին չենք վախեցնում, ասում ենք ճշմարտությունը։ 2019 թվականին էլ ես էի ասում ձեզ, որ ժողովրդին մի վախեցրեք պատերազմով»։
Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի. Փաշինյանը` Տավուշի մարզի մասին
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։