«Կորած արևի նարինջը. պատմվածքներ պատերազմի և խաղաղության մասին». արցախցի գրողի նոր գիրքը

Արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի գրքի շնորհանդեսը Երևանում
Գրողն իրական կյանքի օրինակներով ցույց է տալիս պատերազմի անճոռնի դեմքը, միաժամանակ հերոսներին թույլ չի տալիս վհատվել կամ հուսահատվել, իսկ խավարին՝ կլանել արևը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Արցախցի գրող Աշոտ Բեգլարյանը Երևանի Ռուսական տանը ներկայացրել է իր նոր «Կորած արևի նարինջը. վեպեր և պատմվածքներ պատերազմի և խաղաղության մասին» գիրքը, որը լույս է տեսել Մոսկվայի «Книжный мир» հրատարակչությունում, հայտնում է Ռուսական տան մանումի ծառայությունը:
Ռազմական լրագրող և գրող Աշոտ Բեգլարյանի ստեղծագործությունը հայտնի է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ստեփանակերտում ծնված գրողը միաժամանակ հայ և ռուս ժողովուրդների մշակույթի կրող է և որպես իր հոդվածների, պատմվածքների ու վիպակների հիմնական լեզու ընտրել է ռուսերենը:
Շնորհանդեսին ներկա են եղել արցախցի մտավորականներ՝ մանկավարժներ, բանասերներ, ռուսագետներ, գրողներ, լրագրողներ և պատմաբաններ:
«Մեր արմատները խորն են ու ամուր, և ես ուզում եմ հավատալ ավելի լավ ապագային, իսկ այսօրվա միջոցառումը ես ընկալում եմ որպես յուրատեսակ լավ նշան․․․»,–ասել է ինքը` Բեգլարյանը։
Աշոտ Բեգլարյանի նոր գրքում տեղ է գտել Հայրենական մեծ պատերազմի մասին վեպը․ պատերազմին մասնակցել է նրա Սանթուր պապը, որն անհետ կորել է Կերչում։ Գրքում կան նաև պատմություններ ղարաբաղյան վերջին պատերազմների մասին, որոնց մասնակիցն ու ժամանակագրողը հենց ինքը՝ հեղինակն է:
Աշոտը իրական կյանքի օրինակներով ցույց է տալիս պատերազմի անճոռնի դեմքը, միաժամանակ հերոսներին թույլ չի տալիս վհատվել կամ հուսահատվել, իսկ խավարին՝ կլանել արևը։