Հայաստանը բարձր մակարդակով կկազմակերպի Ֆրանկոֆոնիայի խաղերը. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյան
Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին կանցկացվեն Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։ Այս հայտարարությունն արել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված իր ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք,, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին կանցկացվեն Հայաստանում։
«Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին»,– նշել է Միրզոյանը։
Նախարարի խոսքով` Ֆրանկոֆոնիայի այս տարվա երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։