Գերմանիան Հայաստանին 12 մլն եվրո վարկ կտրամադրի. ԱԺ–ն համաձայնագիրը վավերացրեց

Նախատեսվում է, որ այդ գումարն ուղղվելու է «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն. փուլ 3-րդ» ծրագրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը։
Որոշումն ընդունվեց 57 կողմ և 26 ձեռնպահ ձայներով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեռ 2023 թվականի օգոստոսին էր հայտնել, որ Գերմանիան պատրաստվում է ֆինանսական նման օժանդակություն տրամադրել։
Ըստ համաձայնագրի, Գերմանիան Հայաստանին տրամադրելու է 12 մլն եվրո վարկ։
Նախատեսվում է, որ այդ գումարն ուղղվելու է «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն. փուլ 3-րդ» ծրագրին։
Համաձայնագիրը Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրվել է 2022 թվականին։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։