ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Եվրամիության համար դժվար կլինի հատկացնել Կիևին խոստացված 50 մլրդ եվրոն, եթե ԱՄՆ-ն դադարի աջակցել Ուկրաինային։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Եթե դա իրականություն դառնա, իրավիճակը չափազանց բարդ կլինի։ Դժվար է պատկերացնել, որ մենք 50 միլիարդ (եվրո) հատկացնենք։ Դա, իհարկե, հնարավոր է, եթե դրա համար քաղաքական կամք լինի, բայց ԵՄ-ն ստիպված կլինի շատ ավելի հնարամիտ լինել»,-ասել է քաղաքական գործիչը ֆրանսիական Sud-Ouest պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակի ժամանակ որոշում է կայացվել համատեղ պարտքային պարտավորությունների թողարկման մասին՝ «ժամանակ շահելու համար»։
«Բայց հիմա ԵՄ-ն հեռու է այդ հարցի շուրջ կոնսենսուսից»,-նշել է Բորելը:
Այսօր ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ Եվրամիության երկրների քննարկմանն է ներկայացրել Ուկրաինային ռազմական օգնության համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու առաջարկը: