Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը. Քոչարյանը` Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս ՀՀ կառավարությունը չի պատրաստվում որևէ մեկին զիջել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունները միայն զիջումների են գնում, այդպիսով թուլացնելով մեր երկրի պաշտպանողականությունն ու դիրքերը։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Այսպիսով, մենք ոչ թե տուպիկ, այլ ավելի վատ վիճակում ենք հատնվելու։ Հիմա այս ամենի ֆոնին գնում ենք ու մարդկանց ահաբեկում ենք պատերազմով, ու հիմա այնպես է ստացվել, որ պատերազմ հասկացողությունն ասոցացվում է պարտության հետ։ Հիմա ուզում եմ հասկանալ` Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»,– ասաց Քոչարյանը։
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից նորից ցույց տվեց ՀՀ քարտեզի մանրակերտը և Արծվաշենի փոքր հատվածը (որը ձեռքից գցեց ու չկարողացավ գտնել)։
«Ես այս երկրի վարչապետն եմ։ Երկու տրամաբանություն ունենք` դիրքերի տեղափոխություն և պետական սահման։ Սրանք երկու տարբեր տրամաբանություններ են, ու այն անվտանգային ճեղքը, որ ունենք, հնարավոր է` լրացվի պետական սահման ունենալու դեպքում։ Լեգիտիմության հիմքերի վրա մենք պետք է ունենանք պետական սահման»,– ընգծեց նա։
Քարտեզների վերաբերյալ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա. Փաշինյան
Լևոն Քոչարյանն արձագանքեց` նշելով, որ փոխզիջումային տարբերակը չի ընդունում Ադրբեջանը, արդյունքում մենք անընդհատ միայն տալիս ենք։
«Այն կոչերը, որ գալիս են Ադրբեջանից, շատ մտահոգիչ են»,– ընդգծեց նա։
Փաշինյանն ասաց` այո՛, մենք ասում ենք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են օկուպացիայի տակ, և ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս ՀՀ կառավարությունը չի պատրաստվում որևէ մեկին զիջել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։