Դաշնակիցների հետ ճիշտ շփվելու փոխարեն Փաշինյանն օրվա սենսացիան է ապահովում. Հովհաննիսյան

ՀՀ առաջին արտգործնախարարն այն կարծիքին է, որ եթե մենք չհամախմբվենք, ապա Արցախի նման կկորցնենք նաև Սյունիքն ու ՀՀ մյուս հատվածները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայ ժողովուրդը պետք է միավորվի ոչ միայն արցախցիների իրավունքի վերականգման համար, այլև հասկանա, որ մեր յուրաքանչյուր բնակավայր, մարզ այսօր վտանգի, հարվածի տակ է։ Երևանի Ազատության հրապարակում արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ազգովի մենք պետք է սարդարապատյան նոր անհնարինություն կատարենք, որքան էլ որ դժվար է պատկերացնել։ Համազգային այդ խենթ բանաձևը պետք է գտնենք, որպեսզի Արցախի նման Սյունիքն ու ՀՀ մյուս հատվածներն էլ չհանձնեն։ Մեր առաջին քայլը պետք է լինի այն, որ անկախ նրանից, թե տարիներ առաջ ով ինչպես է քվեարկել, անհրաժեշտ է գիտակցել` այսօրվա իշխանության քայլերը Սահմանադրությունից ու օրենքներից դուրս են։ Մենք պետք է կարողանանք մեր մեր միջի փոքրոգությունը հաղթահարել և համազգային, վերկուսակցակցական այլընտրանք ստեղծել»,– հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն հայտարարությունը, սակայն այն համոզմանն է, որ Փաշինյանն իրացնում է թշնամի կամ հարևան բռնապետության պահանջները, քաղաքականությունը, բանակցային մոտեցումները։
«Եթե նա մեր համաքաղաքացիներին սպառնում է պատերազմով, դա նշանակում է, որ նա ուղղակի կցորդն է, իրականացնողն է թշնամի պետության քաղաքականության։ Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, լավագույն դեպքում կդառնանք Երևանի հանրապետություն Մեր երկրի կողմից միակողմանի զիջումները միանշանակ տանելու են մեր պետության կործանման, նվաստացման»,– վստահ է Հովհաննիսյանը։
Անդրադառնալով դաշնակից երկրների հետ հարաբերությունների սրմանը և, մասնավորապես, ՀԱՊԿ–ին մասնակցության սառեցմանը` ՀՀ առաջին արտգործնախարարն այն կարծիքին է, որ բոլոր դաշնակիցների հետ պետք է խոսել, շփվել, ճիշտ հարաբերություններ կառուցել, մինչդեռ Փաշինյանն, ամեն անգամ աղմկահարույց հարցազրույցներ տալով՝ միայն սենսացիայի օրվա բաժինն է ապահովում։