ԱԺ-ն վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

Ըստ համաձայնագրի` ԵՄ–ն իրավունք ունի կազմակերպության ոչ անդամ պետություններին մասնակից դարձնել ԵՄ դիտորդական առաքելությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
Որոշումն ընդունվեց 57 կողմ և 27 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ Եվրոպական խորհրդի որոշմամբ` մշտական հիմունքներով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պաշտոնապես տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։
Համաձայն վերոնշյալ նախագծի՝ Եվրամիությունն իրավունք ունի ԵՄ ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել ԵՄ դիտորդական առաքելությանը:
Ներկայում Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություն իրականացնող եվրադիտորդների թիվը 209 է (նախկին 138-ի փոխարեն):