Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Բաղունցը հանդիպե՞լ են. ԶԼՄ

Այդ հարցով դեռևս տարեվերջին ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Դեռևս տարեվերջին Արցախի ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ընդունելություն խնդրելով, որ քննարկեն Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական նիստեր անցկացնելու հարցեր, հայտնում է «Հրապարակ» թերթը։
Սակայն, ըստ պարբերականի, Ալեն Սիմոնյանը մերժել է՝ պատասխանելով, որ եթե որպես քաղաքացի է ուզում հանդիպել, կընդունի, որպես ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար` ոչ։ Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերյան իրադարձություններից հետո գտնվում է Բաքվի բանտում, նրան փոխարինում է Բաղունցը։
ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը «Հրապարակին» հաստատել է․
«Այո, հարցում եղել է: Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ընդունել Գագիկ Բաղունցին: Ինչ վերաբերում է որպես ՀՀ քաղաքացի ընդունելությանը, պարոն Սիմոնյանը պատրաստ է ընդունել ցանկացած ՀՀ քաղաքացու: Դրա համար նախատեսված ընթացակարգ և օրեր կան»։ Իսկ թե այլ կարգավիճակով հանդիպում եղել է, խոսնակը պատասխանել է` ոչ, չի եղել:
Թերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ նախագահը ամեն դեպքում հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ ու փորձել է պայմանավորվել, որ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական քննարկում-հանդիպում կազմակերպվի, սակայն ՀՀ ԱԺ նախագահը չի ցանկացել լսել այդ մասին: