ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ն միջնորդ չէ Երևանի և Բաքվի միջև ու չի կարող բանակցային սեղան առաջարկներ բերել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ես խորապես հավատացած եմ, որ խաղաղության հասնել հնարավոր է, այսինքն՝ այո, դա իրատեսական է, քանի որ ընթացիկ բանակցությունների շրջանակում որոշ հիմնարար սկզբունքների շուրջ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել: Դրանց շարքում է, օրինակ, հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ: Այնուամենայնիվ, ցանկանում եմ նշել, որ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, այսինքն՝ այն չի կարող առաջարկներ բերել բանակցային սեղան»,– ասել է Ստոլտենբերգը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ–ն աջակցում է այդ սկզբունքներին, նաև հավատում, որ հնարավոր է հաղթահարել, լուծել առկա տարաձայնությունները:
Նա անդրադարձել է նաև Նորվեգիայի օրինակին ու շեշտել, որ սկանդինավյան տարածաշրջանում դարեր շարունակ պայքար է ընթացել նորվեգացիների, շվեդների և դանիացիների միջև, բայց այժմ նրանք խաղաղ են ապրում: ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը նշել է, որ, իհարկե, սահմանի հետ կապված հարցեր դեռ կան, բայց դա անցյալում է ու բոլորը, որպես անկախ ինքնիշխան պետություններ, հարգում են իրար:
«Նույնը կարող ենք տեսնել եվրոպական այլ երկրների դեպքում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, որոնք պատերազմների մեջ են եղել հարյուրավոր տարիների ընթացքում, բայց այսօր այդ երկրները կայուն խաղաղության մեջ են ապրում»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա ընդգծել է, որ իր ուղերձը Երևանին նույնն է, ինչ Բաքվին: Շեշտել է` երկու կողմն էլ պետք է տեսնեն այդ հնարավորությունը, հաղթահարեն հակասությունները և համաձայնության գան տևական խաղաղության շուրջ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 19-ին` տարածաշրջանային այցի շրջանակում։ Հայաստանում լինելուց առաջ նա այցելել է Ադրբեջան և Վրաստան։ Երևանում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։