ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում 2023 թվականի ընթացքում արձանագրվել է 2358 դեպք։ Ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում այս մասին ասել է զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը։
«Նախորդ տարի արձանագրվել է 2212 դեպքով կամ 48.4%-ով նվազում (2022 թվականին գրանցվել է 4570 դեպք): Դեպքերից 803-ը կամ 33.5%-ը եղել են պատահարներ (2022 թվականին՝ 2874), 1555-ը կամ 66%-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2022 թվականին՝ 1696), այդ թվում՝ 847-ը կամ 53.3%-ը` զինվորական (2022 թվականին՝ 1028), 708-ը կամ 45.5%-ը` այլ հանցագործություններ (2022 թվականի՝ 668)»,– նշել է Էլիզբարյանը։
Զինդատախազի խոսքով՝ 2023 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամ վնասը: Այդ վնասից 2 մլրդ 444 մլն 517 հազար դրամ վնասը վերականգնվել է արտադատական կարգով՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում (47 նախազգուշացում է ուղարկվել 45 տնտեսվարող սուբյեկտի):
Հիշեցնենք` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին 4 տարում մահացության դեպքերի դինամիկ աճ է գրանցել զինված ուժերում։ 2018 թ. մահվան 63 դեպք է արձանագրվել, 2019-ին՝ 49, 2020 թ.՝ 54 դեպք, 2021 թ.՝ 58 դեպք, 2022 թ.՝ 64, 2023–ին` ավելի շատ։