Հայ–ռուսական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ վատ չէ. ԱԺ պատգամավոր

Ալեքսեյ Սանդիկով
ՔՊ–ական պատգամավորի խոսքով` առաջիկայում մի շարք միջոցառումներ կլինեն հայ-ռուսական փոխգործակցության շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

«Ի հեճուկս ԶԼՄ–ներում առկա լուրերի` ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Այո՛, կան հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն, և դրանք մշտապես երկկողմ օրակարգում են։ Ընդհանուր առմամբ աշխատանքները շատ են և իրականացվում են»,– նշեց պատգամավորը։

Սանդիկովը հիշեցրեց, որ Հայաստանն այս տարի նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում, և մայիսի սկզբին Մոսկվայում նիստ է նախատեսվում, որը համընկնում է ՌԴ նախագահի երդմնակալության և մայիսի 9-ի շքերթի հետ:
Պատգամավորը հորդորեց սպասել ՀՀ վարչապետի աշխատակազմի` այդ միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությանը:
Բացի այդ, Սանդիկովը տեղեկացրեց, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում աշխատանքային հանդիպում է նախատեսված հունիսին– հուլիսի սկզբին և խոսեց մոսկովյան վերջին այցի մասին։ Նա ևս 3 պատգամավորի հետ Մոսկվայում եղել է միջազգային դիտորդների խմբի կազմում ու հետևել է ՌԴ նախագահի ընտրությունների ընթացքին։ Պատգամավորը վստահեցրեց` ընտրությունների ընթացքը նորմալ է անցել։
«Իհարկե, վերջնական արդյունքները շատ ավելի ուշ կներկայացվեն, բայց չեն եղել գլոբալ խախտումներ, որոնք կարող էին ազդել գործընթացի վրա»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևեց երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: Պուտինը հաղթեց՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։
ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։