ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մտահոգել է «ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագրի դրույթներից մեկը, ըստ որի` առաքելության կազմում կարող են ընդգրկվել նաև ոչ ԵՄ անդամ երկրներ։ ՀՀ Ազգային ժողովում համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ նա հայտարարեց, որ փաստաթղթում չի գտնում դրույթ այն մասին, որ ՀՀ–ն պետք է իր համաձայնությունը տա 3–րդ երկրից ներկայացուցիչներ ներգրավելուն։
«Եթե ԵՄ–ին նման հնարավորություն է տրվում, ՀՀ գործուղվող առաքելության կազմում չե՞ն կարող ընդգրկվել, օրինակ, Թուրքիայի, Ալբանիայի ներկայացուցիչներ։ Բացի այդ, ՀՀ–ն կարո՞ղ է վերահսկել առաքելության անդամների թիվը»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Հարցի հիմնական զեկուցողը` ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն ասաց, որ քաղաքական երկխոսության շրջանակում ՀՀ–ի հետ ձեռք է բերվում համապատասխան համաձայնություն 3–րդ երկրների հետ կապված, ինչը, օրինակ, արվել է Կանադայի ներկայացուցիչներին ներգրավելու դեպքում։
Նրա խոսքով` ԵՄ առաքելության անդամների թվաքանակը ևս այդկերպ է համաձայնեցվում։ Ըստ փոխնախարարի` նման խորհրդակցությունների անցկացումը պարտադիր կետ է։
Նշենք, որ ՀՀ կառավարության ներկայացրած «Եվրամիության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 20–ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի և ՀՀ–ում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսի կողմից։
Համաձայնագրով ամրագրված են դիտորդական առաքելության վերաբերյալ բոլոր տեխնիկական հարցերը` ներառյալ նրանց բնակեցման և առողջական խնդիրները։
Հիշեցնենք, որ 2023 թ. փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։ ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում։
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: