ԵՐԵՎԱՆ, 19 մարտի, Sputnik. Բորիս Բախշիյանը նշանակվել էԱրարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի մարտի 14-ի ԲԴԽ-24-Ո-59 որոշմամբ ներկայացված առաջարկությունը ` Բորիս Բախշիյանին նշանակել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,–ասված է հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել էր։ Իսկ 2024թ–ի փետրվարի 15–ին Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց դատավորից` նրան անհիմն մեղադրելու համար։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել էր 2021–ի փետրվարի 7-ին։ Դրանից հետո պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվեր։
Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց էր սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հարուցված քրգործի շրջանակում։