ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այսօր ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն շուրջ երկու տասնյակ ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան շերտում և ցեխակույտում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով` մեքենաներ են արգելափակվել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Քանաքեռավան, Լեռնանիստ, Զովունի, Սյունիքի մարզի Անգեղակոթ, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Դդմաշեն գյուղերում, Ապարան-Երևան ավտոճանապարհի 2 կմ-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավանի ոլորաններում։
«Ահազանգերով դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շուրջ 20 տրանսպորտային միջոց և շուրջ 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,–նշեց նա:
Եղանակային պայմաններից ելնելով`արտակարգ ռեժիմով ծառայություն է իրականացնում նաև ոստիկանությունը. պարեկները մայրաքաղաքի խաչմերուկներում կարգավորում են երթևեկությունը, իսկ մարզերում փրկարարների հետ օգնություն են ցույց տալիս քաղաքացիներին։
Աշխատանքները շարունակվում են։