Վերին Լարսը բեռնատարների համար փակ է. առատ ձյուն է տեղում

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է մնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վերին Լարսում առատ ձյան պատճառով երկու ուղղությամբ ճանապարհը փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: