Շուրջ 3 շաբաթ է՝ «Սուրմալուն» փակ է․ խախտումներ են հայտնաբերվել

Դեռ նախորդ տարի փետրվարին ստուգումներ էին իրականացվել խոշոր առևտրի կենտրոններում, խախտումներ էին արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ «Սուրմալու» առևտրի կենտրոնն արդեն մոտ 3 շաբաթ է՝ փակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ առևտրի կենտրոնը կապարակնքված է հարկադիր ծառայություն կատարողների կողմից։
«Դեռ նախորդ տարի հունվար-փետրվար ամիսներին բոլոր խոշոր առևտրի կենտրոններում ստուգումներ էին իրականացվել, որոնց արդյունքում նաև մի շարք խախտումներ էին արձանագրվել, փակման որոշումներ էին կայացվել, կարգադրագրեր էին տրվել»,- նշեց Զոհրաբյանը։
Հետագայում խախտումները շտկելուց հետո կենտրոնները տեսչական մարմին էին դիմել գործունեությունը թույլատրելու համար։ Այս տարի փետրվարին վերստուգումներ են իրականացվել։ «Սուրմալուում» կարգադրագրի կետերով ներկայացված պահանջների խախտումներ են հայտնաբերվել, պարզվել է, որ առկա խնդիրները որոշ դեպքերում մասնակի են շտկվել։
Փետրվարի 20-ին փակման որոշում է կայացվել, ժամանակ է տրվել խախտումները շտկելու համար։ Դրանք վերացնելուց հետո առևտրի կենտրոնը դիմելու է տեսչական մարմին, վերստուգում է իրականացվելու, որից հետո միայն որոշում կկայացվի՝ թույլատրել գործունեության վերսկսումը, թե ոչ։