ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում քննարկվելու են ինչպես տարածաշրջանային անվտանգությանը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Հաճելի է վերադառնալ Կովկաս՝ այս անգամ ուղեկցելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Հայաստան, Ադրբեջան և Վրաստան պատմական այցի ընթացքում: Կքննարկվեն երկկողմ համագործակցությանը, Ուկրաինային տրվող աջակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը»,- գրել է Կոլոմինան։
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Կոլոմինան գրել էր, որ ՆԱՏՕ–ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Մարտի 17-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն։ Հիմա նա Վրաստանում է, այնտեղից գալու է Հայաստան։