ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հանցագործ աշխարհի բարքերի քարոզն ու իդեալականացումը` հաղորդումների ու ֆիլմերի տեսքով, պետք է սահմանափակվի եթերում, ու դրանք պետք է ցուցադրվեն կեսգիշերից հետո։ ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` ներկայացնելով իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած, 2–րդ ընթերցմամբ քննարկման ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։
Ըստ նրա` հեռուստաեթերով նմանատիպ ֆիլմերում դրական երանգներով հանցագործ տեսնելով՝ հատկապես պատանիները սկսում են նրանց ընդօրինակել իրենց առօրյա կյանքում, ինչը խեղաթյուրում է հասարակական հարաբերությունները:
«Մենք հասկանում ենք, որ այժմ ամեն ինչ հնարավոր է դիտել կաբելային հեռուստատեսությամբ, առավել ևս՝ ինտերնետով։ Թեկուզ օրենսդրական այսպիսի մասնակի սահմանափակումով մենք ուզում ենք գոնե քաղաքական մեսիջ հղել մեր հեռուստաալիքներին»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Նա նշեց նաև, որ զուգահեռ քննարկվում են նման ֆիլմերի և հաղորդումների դիտումը սահմանափակելու տեխնիկական հնարավորությունները, օրինակ` սահմանափակել catch up–ը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր հերթին մտահոգություն հայտնեց, որ քրեական աշխարհի մասին սերիալը, որը, օրինակ, ՀՀ–ում չի հեռարձակվում ու որի անունն անգամ չի ուզում տալ, միևնույնն է` լայն ճանաչում է ձեռք բերել մեր հասարակության շրջանում, իսկ ֆիլմից մեջբերումները մտել են դպրոցականների առօրյայի մեջ։
Այդ իսկ պատճառով, ըստ նրա, նախարարությունն ավելի հեռանկարային է համարում հատկապես երեխաների և պատանիների գիտակցության դաստիարակությունը։ Ըստ Հայրապետյանի` եթե նրանք կարողանան սովորել մաքրել տեղեկատվական աղբը և դադարեն դիտել այդ ամենը, ապա հեռուստաալիքներին ևս պարզապես ձեռնտու չի լինի այլևս նման արտադրանք ցույց տալ։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ավելացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմեր ու տեսալսողական հաղորդումներ» հասկացությունը` այն հավասարեցնելով օրենքում արդեն ամրագրված «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմեր» հասկացությանը։
Ինչպես «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը», այնպես էլ «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները» առաջարկվում է արգելել ժամը 06:00–00:00-ն ընկած ժամանակահատվածում։
Խախտման դեպքում հեռարձակողը կտուգանվի իր հասույթի 0.02 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 400 000 դրամ։