Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած աշխատակցի վիճակը ծանր է

Ավտոմեքենայով իրականացվել է շրջիկ գազի վաճառք՝ առանց թույլտվության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել անվտանգության պահանջները չպահպանելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Գազալցակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Առգրավվել են տեսագրությունները, հարցաքննվել են ականատեսները և գազալցակայանի գործունեության հետ առնչություն ունեցող անձինք։
Գազալցակայանի 46 տարեկան աշխատակիցը, որը հոսպիտալացվել է պայթյունի հետևանքով, ճանաչվել է տուժող․ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։
«Ձեռք բերված տվյալներով` բացի բնական գազի տարայից, ավտոմեքենայում տեղադրված են եղել հեղուկ գազի տարաներ և համապատասխան սարքավորումներ, որոնցով իրականացվել է հեղուկ գազի շրջիկ վաճառք՝ առանց թույլտվության, իսկ բնական գազի լիցքավորման ժամանակ պայթել է հեղուկ գազի տարան»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Նշանակվել են դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես գազալցակայանի, շահագործվող սարքավորումների և աշխատակիցների գործունեության թույլտվության օրինականությունը, այնպես էլ լիցքավորվող ավտոմեքենայում եղած գազաբալոնների շահագործման օրինականությունը։
Նշենք, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյուն է տեղի ունեցել Քանաքեռավան և Զովունի գյուղերի խաչմերուկի մոտակայքում գտնվող գազալցակայանում։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ գազաբալոններ տեղափոխող «Peugeot» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Պայթյունի հետևանքով վնասվել են գազալցակայանի պատը (10 քմ) և տանիքը (20 քմ), ինչպես նաև մոտակայքում կայանած «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Գազալցակայանի աշխատակից Ռ․ Ն․-ն այրվածքներով հոսպիտալացվել էր բժշկական կենտրոն։