ՆԳՆ–ն կխստացնի հսկողությունը դեռահասների մոտ կտրող–ծակող առարկաներ հայտնաբերելու մասով

Դեռահասների մասնակցությամբ դանակահարությունների դեպքերի աճը մտահոգության տեղիք է տալիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է մշակել կրթական հաստատություններում արգելված իրերի շրջանառությունը կանխարգելելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ Խոսքը կտրող–ծակող առարկաների մասին է։
Վերջին շրջանում, հատկապես Երևանում, հաճախակի են դարձել կտրող–ծակող գործիքների կիրառմամբ դեռահասների միջև տարաբնույթ վիճաբանությունները։ Այդ աղմկահարույց դեպքերից մեկն էլ տեղի ունեցավ մարտի 12-ին, երբ մի քանի երիտասարդներ ծեծել ու դանակահարել էին 17–ամյա ուսանողին, որը մահացել էր։
ՆԳՆ–ից հայտնում են, որ 2022թ.-ին Հայաստանի Հանրապետությունում անչափահասների կողմից դանակի գործադրմամբ գրանցվել է 17 դեպք, իսկ 2023թ.-ին` 25 դեպք:
Ըստ մեկնաբանության՝ անչափահասների համար վտանգ ներկայացնող իրերի և առարկաների, այդ թվում`թմրանյութի հասանելիությունը կանխարգելելու նպատակով տարվել են աշխատանքներ իրավական հիմքերով սահմանված գործիքակազմ ստեղծելու համար: Մասնավորապես, 2023թ. փետրվարին ՀՀ արդարադատության նախարարության անչափահասների խորհրդի նիստում առաջարկվել է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքում նախատեսել կրթական հաստատություններում մոնիտորինգի անցկացման հնարավորություն:
Դանակահարելուց հետո 6-7 հոգով շարունակել են ծեծել․ 17-ամյա տղայի սպանության մանրամասները
Պատասխանի մեջ նշվում է, որ առաջարկն ընդունվել է, այն իր ձևակերպումն է ստացել վերը նշված օրենքի նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ մասում, որտեղ նշված է, որ երեխայի անվտանգության ապահովման համար ՀՀ կառավարությունը սահմանում է այն առարկաների և իրերը ցանկը, որոնք արգելված է վաճառել, նվիրել կամ այլ կերպ տրամադրել երեխաներին։
Սահմանված է նաև նման իրերի հայտնաբերման և առգրավման կարգը, ինչպես նաև այն սննդամթերքի, առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է պահել կամ կրել ուսումնական, մարզական կամ խնամքի հաստատություններում:
Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի ընթացիկ ամսում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: