ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանի Պարույր Սևակի փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքը բացահայտվել է, երկու անձի մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ փետրվարի 24–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է եղել, որի հետևանքով 42–ամյա տղամարդը դանակահարվել էր և տեղափոխվել հիվանդանոց։
Նշվում է, որ տուժած տաղամարդը, լինելով տվյալ շենքի համատիրության նախագահը, ոստիկանությանը հաղորդում է տվել, որ Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան մայթեզրի եզրաքարին կանգնեցնելու համար դիտողություն է արել նշված շենքի բնակչին։ Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ բնակչի եղբայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախ կրակել է իր ուղղությամբ, որից հետո դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով մարմնական վնասվածք:
Հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է համատիրության նախագահի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, որոնք նույն հասցեում բնակվող եղբայրներ են՝ ծնված 1993 և 1985թթ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի հաջորդ օրը, հաղորդում է ստացվել նաև եղբայրների՝ Արարատի մարզում բնակվող հորեղբորից՝ այն մասին, որ 2024 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, այդ վեճի ժամանակ համատիրության նախագահը մի քանի անգամ հարվածներ է հասցրել իրեն և ատրճանակ պահել իր ուղղությամբ:
Այս հաղորդման առթիվ ևս, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ դեպքի օրը եղբայրներից մեկն իր կողմից շահագործվող «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենան կայանել է իրենց շենքի բակի մայթեզրին, ինչի համար համատիրության նախագահը դիտողություն է արել նրան: Այնուհետև համատիրության նախագահը, նշված հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, զանգահարել է հիշյալ բնակչին և պահանջել իջնել բակ: Վերջինս իջել է բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն:
Դրանից հետո բնակիչը կատարվածի մասին տեղեկացրել է իր եղբորը և հորեղբորը, ովքեր, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել են համատիրության նախագահին և պայմանավորվել հանդիպել:
Հանդիպման ժամանակ, որին բացի նշված անձանցից ներկա են եղել նաև համատիրության նախագահի հետ եկած, քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք, խոսակցությունը վեր է ածվել վիճաբանության, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ, կողմերի միջև առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ համատիրության նախագահը, դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ են հասցրել եղբայրների և նրանց հորեղբոր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այդ ընթացքում մի կողմից համատիրության նախագահը, մյուս կողմից եղբայրներից մեկը իրենց մոտ գտնվող զենքի գործադրմամբ, օդ են կրակել
Բացի այդ, բնակիչը դանակի գործադրմամբ հարվածներ է հասցրել համատիրության ղեկավարի ուսի շրջանին։
Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինս և եղբայրներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համատիրության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ եղբայրներից մեկին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն` զենքի գործադրմամբ)։
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից, քննությամբ դեռևս չպարզված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: