Երևանում կանցկացվի «Հայաստան-ԲՐԻԿՍ» առաջին միջազգային համաժողովը

ԲՐԻԿՍ միջազգային համաժողովը Մոսկվայում. Արխիվային լուսանկար
Համաժողովի շրջանակներում նախատեսվում են լիագումար և թեմատիկ նստաշրջաններ՝ նվիրված ԲՐԻԿՍ-ի հետ Հայաստանի տնտեսական փոխգործակցության հեռանկարային ուղղությունների քննարկմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ «Հայաստան-ԲՐԻԿՍ» առաջին միջազգային համաժողովը տեղի կունենա մարտի 30-ին Երևանում: Այն նվիրված է կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցությանը։ Տեղեկությունը հայտնում է համաժողովի կայքը։
«Համաժողովի նպատակն է ստեղծել ԲՐԻԿՍ երկրների հետ Հայաստանի տնտեսական կապերի խորացման հնարավորությունների համապարփակ քննարկման և վերլուծության հարթակ»,- նշել են կազմակերպիչները:
Միջոցառման շրջանակներում նախատեսված են լիագումար և թեմատիկ նստաշրջաններ՝ նվիրված ԲՐԻԿՍ-ի հետ Հայաստանի տնտեսական փոխգործակցության հեռանկարային ուղղություններին, այդ թվում՝ գլոբալ համագործակցության համատեքստում հանրապետության ագրարային հատվածի զարգացման հեռանկարների քննարկմանը:
Համաժողովի արդյունքներով կպատրաստվի և կհրապարակվի առաջատար փորձագետների և վերլուծաբանների կողմից իրականացված վերլուծական մշակումների և հետազոտությունների էլեկտրոնային ժողովածուն:
Նշենք, որ համաժողովի կազմակերպիչն է «Միասին» հասարակական կազմակերպությունը՝ Հայ-ռուսական գործարար խորհրդի աջակցությամբ: Միջոցառման գործընկերներն են ԲՐԻԿՍ անդամ երկրների և Հայաստանի առաջատար գործարար և վերլուծական կենտրոնները: Միջոցառման պաշտոնական տեղեկատվական գործընկերն է ԲՐԻԿՍ հեռուստաընկերությունը: