ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանին անհրաժեշտ ծառատեսակների շուրջ 90%-ը կաճեցվի տնկարանային տնտեսության կողմից: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը»,–ասաց նա։
Բեգոյանի խոսքով` անհրաժեշտ է մոտակա 10 տարում անընդհատ փոփոխել հին ծառերը նորերով:
«Այժմ ձեռքբերվող ծառերի արժեքը, եթե վերածենք եվրոյի, մոտավորապես տատանվում է 150-200 եվրոյի ահմաններում: Իսկ 10-30 եվրոյի ձեռքբերման և 2-3 տարի աճեցման պայմաններում ծառերը կիսով չափ էժան կնստեն Երևան քաղաքի վրա»,- ասաց Բեգոյանը:
Նա ընդգծեց, որ պետք է ջերմոցներում ունենալ այնպիսի հզորություններ, որով հնարավոր կլինի տարեկան մոտ 5000 ծառ արտադրել։