ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել Ռուսաստանի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Թուրքիայի նախագահը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևեց երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: ՌԴ ԿԸՀ-ի վերջին տվյալներով` արձանագրությունների 99,72 տոկոսը մշակելուց հետո Պուտինը հավաքել է քվեների 87,3 տոկոսը, Խարիտոնովը` 4,3 տոկոսը, Դավանկովը` 3,83 տոկոսը, Սլուցկին` 3,21 տոկոսը: