ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Պաշտոնատար անձանց աղմկոտ ձերբակալությունները դժվար թե կանխարգելող դեր ունենան նրանց գործընկերների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը` անդրադառնալով վերջին շրջանի կոռուպցիոն բացահայտումներին։
Անցած շաբաթ կոռուպցիայի կասկածանքով նոր ձերբակալություններ տեղի ունեցան։ Էկոնոմիկայի նախարարությունից հետո սկանդալի կենտրոնում հայտնվեց Երևանի քաղաքապետարանը։ Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվեց քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանը։ Ձերբակալություններ եղան նաև Շիրակի մարզպետարանում։
«Հանրային ծառայողը պետք է երկու չափորոշչի համապատասխանի` մասնագիտական արհեստավարժության և բարեվարքության։ Եթե այս երկու չափորոշչին համապատասխանում է, ապա իր գործունեությունն իրականացնում է ընդհանուր օրենքների և իրավունքի շրջանակներում, որևէ հակաօրինական բան չի անում, ապա նաև որևէ մտավախություն չպետք է ունենա, որ մի օր էլ իր հետևից կգան։ Հիմա ՀՀ–ում ամենակարևորը խնդիրը պրոֆեսիոնալ, բարեվարք կադրերի պակասն է, ինչը ցայտուն արտահայտվում է բոլոր մարմիններում»,– ասաց Զադոյանը։
Մյուս կողմից` աղմկոտ բացահայտումները չեն ազդում նաև միջազգային կառույցների գնահատականների վրա։ Թեև Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով փոքր առաջընթաց է գրանցել, բայց շարունակում է մնալ խնդրահարույց երկրների ցանկում։
Այսպես` 2020 և 2021 թվականներին Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը գնահատվել է 49 միավոր, 2022–ին` 46, իսկ 2023-ին` 47։
Ըստ մեթոդաբանության, սակայն, եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, ապա տվյալ պետության համար կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է համարվում։
Զադոյանի խոսքով` հայաստանյան քաղհասարակությունը հետևում է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքին, տալիս գնահատականներ։ Իսկ հակակոռուպցիոն կոալիցիայի ընդհանուր գնահատականն այն է, որ մեր երկիրն առայժմ չի հաղթահարել համակարգային կոռուպցիան։