ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այս հայտարարությունն արել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ` կարելի է վստահաբար ասել, որ ԱՄՆ-ի կողմից ոչ մի շնորհավորանք չի լինի», - ասել է Պատելը:
Ըստ նրա` Վաշինգտոնը համարում է, որ Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունները ո՛չ ազատ են եղել, ո՛չ էլ արդար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ ԱՄՆ գնահատականների հետ. նման կարծիք կարելի էր սպասել ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված պետության կողմից:
Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևեց երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: ՌԴ ԿԸՀ-ի վերջին տվյալներով` արձանագրությունների 99,72 տոկոսը մշակելուց հետո Պուտինը հավաքել է քվեների 87,3 տոկոսը, Խարիտոնովը` 4,3 տոկոսը, Դավանկովը` 3,83 տոկոսը, Սլուցկին` 3,21 տոկոսը: