ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում մի խումբ տղամարդիկ վարորդի են ծեծել։
Քննությամբ պարզվել էր, որ Երևանում ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊԸ աշխատակիցների և Աբովյանի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։ Վեճը շարունակվել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց։ Վեճի ընթացքում ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը և հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Կռվի մասնակիցներից մեկն էլ իր մոտ եղած «Baricat $17» տեսակի ատրճանակից մեկ կրակոց էր արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, վրիպել էր:
Քննիչների իրականացրած գործողություններով պարզվել են տուժողին առերևույթ ծեծի ենթարկած և նրա ուղղությամբ առերևույթ կրակոցներ արձակած մի քանի անձանց ինքնությունը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ընդհանուր 4 անձի նկատմամբ խուլիգանության և ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Նրանցից մեկը կալանավորվել էր։
Հետագայում ևս երեք անձինք են ձերբակալվել։ Դատարանի որոշմամբ` նշված երեք անձանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է: