36-ամյա տղամարդուն դանակահարած 26–ամյա աղջիկը ձերբակալվել է

Երիտասարդը վիճաբանել է ընկերուհու հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո էլ աղջիկը դանակահարել է նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդուն դանակահարած 26–ամյա աղջիկը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ մարտի 17-ի ժամը 5.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ուսագոտու և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակահարվել է:
«Ոստիկանները պարզել են, որ Վիլնյուսի փողոցի տներից մեկում 36-ամյա երիտասարդը վիճաբանել է 26-ամյա ընկերուհու հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո 26-ամյա աղջիկը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել երիտասարդին»,–նշված է հաղորդագրության մեջ:
26-ամյա աղջիկը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին: