ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Թմրանյութ պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Թալին խոշորացված համայնքի Մաստարայի վարչական ղեկավարը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ մարտի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 31-ամյա Արտակ Մնացականյանը ապօրինի թմրանյութ է իր մոտ պահում և գտնվում է Շիրակի մարզում։
Նույն օրը ոստիկանության Արթիկի բաժնում ստեղծվում է օպերատիվ խումբ և ոստիկանները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ նա գտնվում է Շիրակի մարզում։
Արթիկի Սասունցի Դավիթ և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում ոստիկանները ձերբակալում են նրան և տեղափոխում բաժին։
Տեղում անձնական խուզարկությամբ Մնացականյանի վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 1.57 գրամ քաշով կանաչավուն, յուրահատուկ հոտով, բուսական զանգված։
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ անցած տարվա սեպտեմբերին Մաստարայի «Ֆերմաներ» կոչվող տարածքում վայրի աճած կանեփի թփերից է քաղել, չորացրել և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: