ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։
Դիվանագիտական ներկայացուցչությունում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մարտի 11-13-ը վաղաժամ ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։ Քվեարկել է 844 անձ՝ մեր սահմանապահներն են, զինվորականները և Սյունիքում ապրող և աշխատող ՌԴ քաղաքացիները»,- ասաց դեսպան Կոպիրկինը։
Նա նշեց, որ այսօրը սկսել է բարձր, աշխատանքային տրամադրությամբ։
«Սա երևի թե ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկն է, քանի որ այս ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված մեր երկրի, ժողովրդի համար այս բեկումնային ժամանակաշրջանում։ Իհարկե, մենք այստեղ՝ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ ենք մոտեցել քվեարկության կազմակերպմանը՝ օրենսդրությանն ու ՌԴ ԿԸՀ-ի ցուցումներին համապատասխան»,- ասաց դեսպանը։
Նա հավելեց՝ ձեռնարկվել են կազմակերպչական, տեղեկատվական բոլոր անհրաժեշտ քայլերը, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է կատարել իր քաղաքացիական պարտքը, կարողանա դա անել իր համար առավելագույն հարմարավետ պայմաններում։
Դեսպանը հայտնեց, որ դիվանագիտական ներկայացուցչությունը պատրաստ է, եթե այսօր մեծ թվով քաղաքացիներ մասնակցեն քվեարկությանը։ Նրա խոսքով՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ պատրաստ են ընդունել իրենց քաղաքացիական պարտքը կատարել ցանկացող բոլոր ՌԴ քաղաքացիներին և միայն ուրախ կլինեն, եթե քվեարկողների թիվը մեծ լինի։
«Մենք բոլորս շահագրգռված ենք, որ քվեարկությունը լավ անցնի, կարգապահ՝ առանց խախտումների, որպեսզի յուրաքանչյուրն իր քվեն տալուց հետո բավարարվածության զգացում ունենա»,- ասաց դեսպանը։
Նա նշեց, որ ընտրությունների համար ձեռնարկվել են համապատասխան անվտանգության միջոցներ հայկական կողմի հետ համատեղ՝ հաշվի առնելով, որ ընտրություններն անցկացվում են քաղաքական ոչ հեշտ ժամանակաշրջանում և ընտրողների թիվն այս անգամ կարող է ավելի շատ լինել, քան սովորաբար։ Դեսպան Կոպիրկինը նաև հայտնեց, որ դիվանագիտական ներկայացուցչությունը նաև համապատասխան քայլեր է ձեռնարկել, որ մարզերում բնակվող ՌԴ քաղաքացիները ևս կարողանան մասնակցել ընտրություններին։ Նրանք նախապես տեղեկացվել են փոխադրումների ժամերի մասին։
Դեսպանատան աշխատակիցների խոսքով՝ ընտրացուցակներում ներառված են ոչ միայն Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիները, այլև մոտ 4600 մարդ, որոնք Ռուսաստանից հատուկ թույլտվություն են ստացել Երևանում քվեարկելու համար: