Հերթը չի վախեցնում. ՌԴ ընտրողները Երևանի համար աննախադեպ երևույթ են ցույց տվել

ՌԴ ընտրողները Երևանում
Քվեարկությունն անսովոր է ոչ միայն բարձր մասնակցությամբ, այլև հերթ կանգնելու՝ Երևանի համար չտեսնված կարգապահությամբ. հազարավոր մարդիկ կանգնած են ուղիղ գծով՝ մայթին տեղ թողնելով անցորդների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Վաղ առավոտից Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ սկսել են հավաքվել ՌԴ նախագահի ընտրություններին քվեարկել ցանկացողները։ Կեսօրին հերթն արդեն մեկ կիլոմետրից ավելի է ձգվում։ Ընտրողների մի մասը գալիս է երեխաների հետ, քիչ չեն նաև տարեցները։
Քվեարկությունն անսովոր է ոչ միայն բարձր մասնակցությամբ, այլև հերթ կանգնելու՝ Երևանի համար չտեսնված կարգապահությամբ. հազարավոր մարդիկ կանգնած են ուղիղ, մեկ գծով՝ մայթին տեղ թողնելով անցորդների համար:
Այս ընտրություններում ռուս ընտրողները Հայաստանում սովորականից շատ են՝ հաշվի առնելով մեր երկրում ռելոկանտների մեծ թիվը։ Բացի այդ, մեր երկրում ընտրություններին մասնակցում են նաև ՌԴ այն քաղաքացիները, որոնք կարճ ժամանակով են այստեղ։
«Ես եկել եմ հանգստանալու, դրա համար էլ այսքան շուտ եմ եկել ընտրության, որ հետո հասցնեմ էքսկուրսիայի գնալ Գյումրի»,- ասում է Մոսկվայից ժամանած Իրինան։
Անաստասիա անունով մեկ այլ մոսկվացի եկել էր փոքրիկին գրկած։
«Մենք չէինք սպասում, որ առավոտից նման հերթ կլինի, բայց փոքրիկն էլ դիմացավ։ Ընտրություններին մասնակցելը մեր պարտքն է։ Մենք ապրում և աշխատում ենք Հայաստանում, բայց շարունակում ենք մնալ ՌԴ քաղաքացի»,- ասում է նա։
Մոսկվայից եկած Գալինա Սեմյոնովնայի համար պարտքի այդ զգացողությունն առանձնահատուկ է, քանի որ մեծացել է սպայական ընտանիքում։ Նա հույս ունի, որ իր ձայնն անգամ օգուտ և խաղաղություն կբերի երկրին։
«Ես ուզում եմ, որ մեր երեխաներն ու թոռները մեծանան խաղաղության մեջ, ապրեն ամուր և հաստատուն հողի վրա»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ Երևանում ՌԴ նախագահի ընտրություններն անցկացվում են երկու տեղամասերում ՝ ՌԴ դեսպանատանը և Էրեբունի ավիաբազայում (զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար): Գյումրիում տեղամասերը բացվել են 102-րդ ռազմաբազայում և ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ Սյունիքի մարզում քվեարկությունն անցկացվել է ժամկետից շուտ։
Երևանում ՌԴ նախագահի ընտրություններին քվեարկելու եկածների հերթը կիլոմետրից ավելի է