Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և ամուր խաղաղության հասնելու շանս կա. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Սպասվում է նաև նրա այցը ՀՀ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիներ անց կայուն և ամուր խաղաղության հասնելու շանս կա, Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ​​հանդիպումից հետո։
«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ «երկու կողմերն էլ ավելի մոտ են խաղաղության հաստատմանը, քան երբևէ»: Կոչ եմ անում Ադրբեջանին հասնել խաղաղություն Հայաստանի հետ, որ կարևոր է Հարավային Կովկասի, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգն ասել է, որ Ադրբեջանն ուժեղացրել է էներգետիկ անվտանգությունը։
«Ես ուրախ եմ նաև այստեղ քննարկել էներգետիկ անվտանգությունը, քանի որ էներգետիկան կարևոր է մեր անվտանգության համար: Ես ողջունում եմ Ադրբեջանի սերտ էներգետիկ կապերի զարգացումը ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների հետ», - ընդգծել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն։ Սպասվում է նաև նրա այցը Հայաստան։