Բորսաներում պղինձը թանկանում է, երկաթը՝ էժանանում. ինչ ազդեցություն կունենա դա ՀՀ-ի համար

Պղինձ
Երկաթն էժանանում է ՉԺՀ-ում շինարարության անկման պատճառով։ Պղինձն էլ կէժանանար, բայց դրա գները բարձր են մնում հանքերի արդյունահանման կրճատման ու էլեկտրամոբիլների աճող պահանջարկի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Համաշխարհային բորսաներում պղնձի արժեքը մեկ տոննայի դիմաց մնում է 9 հազար դոլարից բարձր, իսկ երկաթը, ընդհակառակը, էժանանում է։ Տեղեկությունը հայտնում է mining.com հարթակը։
Այս շաբաթ պղինձը 5 տոկոսով թանկացել է ՝ հանքերից մատակարարումների կրճատման վերաբերյալ ներդրողների մտավախությունների պատճառով։ Լոնդոնի LME բորսայում պղինձն այժմ արժե մոտ 9 010 դոլար մեկ տոննայի դիմաց, դրա հետ մեկտեղ, վերջին 7 ամսվա ընթացքում առաջին անգամ երկաթի գները նվազել են մեկ տոննայի դիմաց 100 դոլարից (98 դոլար Սինգապուրի բորսայում):
Ներդրողները վախենում են, որ Չինաստանի անշարժ գույքի շուկայի ճգնաժամը կշարունակվի 2024 թվականին (ինչը, բնականաբար, կսահմանափակի պողպատե ամրանների պահանջարկը): Հոդվածում նշվում է, որ Չինաստանի նավահանգիստներում երկաթի պաշարներ են կուտակվում, իսկ Չինաստանի պողպատի գործարանները վնասով են աշխատում։
Ներդրողների ակնկալիքները հեռու են վարդագույն լինելուց, նաև այն պատճառով, որ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների վերջին Կոնգրեսում հայտարարվել են 5% տնտեսական աճի նպատակներ, սակայն դրանց համար տնտեսության աջակցության մասշտաբային միջոցառումներ չեն առաջարկվել։
Իհարկե, շինարարության մեջ ցածր ակտիվությունը ուղղակիորեն ազդում է պղնձի շուկայի վրա, և նման ազդանշաններ արդեն կան: Ուրբաթ հրապարակվել են Շանհայի բորսայի տվյալներն այն մասին, որ ՉԺՀ-ի պահեստներում պղնձի պաշարները հասել են համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակին: Սա կարող է վկայել այն մասին, որ կառուցապատողները նվազեցրել են ինչպես ամրանների, այնպես էլ պղնձի էլեկտրագծերի գնումները, և շուկայում չվաճառված ավելցուկ կա։
Դա չի կարող չազդել գների վրա, և առայժմ ներդրողները հույս ունեն, որ շինարարության անկումը կփոխհատուցվի էլեկտրամոբիլների և վերականգնվող էներգետիկայի կայանների պահանջարկով։ Մեկ այլ պատճառ, որը բարձրացնում է գները, արդյունահանման վերը նշված կրճատումն է՝ աշխարհի խոշորագույն հանքերից մեկի՝ Cobre Panama-ի փակումից հետո, ինչպես նաև Զամբիայում (որը պղնձի արդյունահանման համաշխարհային տասնյակում է) արդյունահանման կրճատումը։
Առաջիկա շաբաթների ընթացքում ներդրողները հատկապես ուշադիր կհետևեն Շանհայի տվյալներին հասկանալու համար, թե ՉԺՀ-ում շինարարության անկումը որքանով կարող է ազդել շուկաների վրա:
Հավելենք` պղնձի խտանյութը (մաքուր պղնձի կիսաֆաբրիկատ) հայկական արտահանման խոշորագույն հոդվածներից մեկն է շարունակում մնալ։ Երկար ժամանակ այն խոշորագույնն էր ծավալով, սակայն այս տարվա առաջին կիսամյակում առաջ անցավ ավտոմեքենաների արտահանումը (միջնորդական առևտրի շրջանակում) և դորեի ձուլվածքը (մաքուր ոսկու կիսաֆաբրիկատ, որը ստացվում է հայկական հանքավայրերում և որի արդյունահանումը, չնայած մի շարք դժվարություններին շարունակվում է)։ Այնուամենայնիվ, Հայաստանից պղնձի խտանյութի արտահանման ծավալը շարունակում է զգալի մնալ և 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 230 մլն դոլար։ Դրանից շուրջ 180 մլն դոլարը Չինաստանն է ձեռք բերել։